Ձեր քաղաքական կողմնորոշումները մեզ բացարձակ հետաքրքիր չեն, բարիք չունեք ասելու, լուռ մնացեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

21:51 • 13.07.20

Հիմա գյուղը որոշակի ինքնակազմակերպվածության ընթացքի մեջ է, անընդհատ լսվում են հրետակոծությունների ձայները, դժբախտաբար, ցերեկվա ժամերին նաև գյուղի մեջ եղան կրակոցները։ Այս մասին Չինարիում Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

«Պետք է ասեմ, որ մյուս գյուղերի՝ հատկապես Մովսեսի շրջակայքում, կարակոցներ էին հնչում: Ընդհանուր առմամբ լարված է իրավիճակը, բայց ամբողջությամբ վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից»:

Նշենք, որ գյուղ են եկել եկեղեցու բազմաթիվ սպասավորներ, Բագրատ Սրբազանը նշեց, որ դա իրենց ծառայությունն է: «Սրանք հատկապես այն օրերն են, որ մենք այլ տեղ չեմ կարծում, որ պետք է լինենք, քան մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր սպայի կողքին»,- շեշտեց նա:

Սրբազանը նշեց, որ վերջին երկու օրերի լարվածությունը պայմանավորված էր ադրբեջանական ՈՒԱԶ մակնիշի մեքենայի հետ, որն եկել էր Չինարի: «Հիմա, թե նրանք ինչ են որոշել, ինչի են հարվածում մեր գյուղին, մեր սահմաներին, չգիտեմ: Ընդհանրապես, միշտ էլ սպասելի է, հարաբերական անդորր չի, նշանակում սպառնալիքի վերացում: Մեր գյուղերը՝ հենց Չինարին, ամեն օրվա սպառնալիքի տակ են: Մի օր կարող է սկսեն, մի օր դադարեն, բայց այսօրը ցույց տվեց, որ մենք պետք է կարողանանք ամբողջական վերահսկողություն ունենալ, և սա ասում եմ՝ առանց ծամծմելու»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ մեր գյուղական կյանքի անվտանգությունը, մեր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը պետք է բարձրագույն տեղում լինի: Մենք չափազանց զգուշության մեջ ապրելու խնդիր չպետք է ունենանք, պետք է ունենանք ապահով կյանք, կեցություն, այս իմաստով մենք, մեր տղաները, զինվորները երեկ ու այսօր կարևոր խնդիրներ են լուծել:

Ըստ Սրբազանի՝ հենց այս օրերին է, որ պետք է հասարակությունը համախմբված լինի, սակայն, նրա խոսքով՝ սա մեր ցավոտ կետերից մեկն է: «Լուրերը գալիս են, ստանում ենք անհասկանալի վերաբերմունք, պիտակավորում, թիրախավորում, ծաղրանք, հազար ու մի բաներ հենց էս օրերին: Ասում եմ՝ դադարեցրեք ուղղակի, դադարեցրեք: Չեք ուզում դադարեցնել, լուռ մնացեք գոնե, եթե բարիք չունեք ասելու, որևէ ձևով քաջելրանք չունեք, լուռ մնացեք: Ձեր քաղաքական կողմնորոշումները մեզ բացարձակ հետաքրքիր չեն: Ես մշատպես ասել եմ՝ մենք պատերազմ ենք հաղթել, բայց Աստված մի արասցե, եթե մենք խաղաղության մեջ իրար կորցնենք»,- նշեց հոգևորականը:

Նրա խոսքով՝ այս լարված օրերին կարիք ունենք մոռանալու ամեն ինչ և սովորական կյանքից վերադառնալու արտակարգ կյանքի: «Սա է իմ խնդրանքը: Այսօր իրապես լուռ մնալու ժամանակն է, չի կարելի, ես ընդհանրապես անընդունելի եմ համարում դա, անկախ նրանից՝ ովքեր են, որ կողմից են, ինչ գունավորումով են, կապ չունի, այսօր մենք համընդհանուր խնդիր ունենք լուծելու: Այս սահմանը միայն չինարեցունը, մովսեսցունը և այգեպարցունը չէ, այս սահմանն ամեն տեղով է անցնում՝ Երևանով, Գյումրիով է անցնում, այսօր այդ օրերն են, կդադարի ինչպես ուզում եք ձեր քաղաքական կյանքով ապրեք, ինչ ուզում եք արեք, բայց խաղաղ մնացեք: Բարիք չունեք ասելու, լուռ մնացեք»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: